Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Ահավոր նզովքի գիրը

Ահավոր նզովքի գիրը
30.03.2022 | 07:21

«Տերն իրեն ճանաչեցրեց դատաստան անելով, եւ մեղավորները կպատժվեն ըստ իրենց ձեռքի գործերի: Մեղավորները կրկին դժոխք կընկնեն, նաեւ բոլոր ազգերը, որոնք մոռացան Աստծուն» (Սաղ. 9;17-18):


Մենք մեզ քրիստոնյա ազգ ենք համարում և ուրախ ենք, որ խորհրդային բռնապետությունից հետո մեր հավատքը վերահառնեց, եկեղեցիները լցվեցին հավատացյալ մարդկանցով, բայց քիչ ենք անդրադառնում այն փաստին, որ մեր բազմադարյա քրիստոնեական փորձառության ընթացքում մեր Եկեղեցու հայրերը սահմանել են կանոններ, որոնք նզովք են պարունակում դրանք չկատարողների նկատմամբ:
Այդ նզովքից մեզ ոչ ոք դեռ չի ազատել, բայց այսօր այդ մասին ակտիվ քարոզչություն չի տարվում, կարևորվում է միայն հավատի վերազարթոնքը: Եկեղեցին ժամանակին ընկալվել է որպես փրկության տապան, նրանից դուրս փրկության որևէ հույս չկա. այդպես հավատում էին: Օրենսդրորեն կարգավորվում էին ոչ քրիստոնյաների հետ հարաբերությունները, որոնք խիստ սահմանափակ էին: Հստակ սահմանվում և ընկալվում էին «թշնամի», «բարեկամ», «եղբայր» և նման հասկացությունները:


Մեր պետական գերատեսչական հիմնարկներում մենք կարող ենք տեսնել խորապես հեթանոսական խորհրդանիշներ, որոնք, իհարկե, բոլոր երկրներում են գործածվում, բայց դա չի արդարացնում մեր երկրում և մեր կողմից դրանց գործածությունը: Ցայտուն օրինակ է «արդարադատության» դիցուհու արձանիկը համապատասխան գերատեսչությունում: Այդտեղ՝ քրիստոնյա Հայաստանի քրիստոնյա պաշտոնյաների աշխատավայրում, նույն հաջողությամբ կարող էր լինել Արդար Դատավորի պատկերն ու խորհրդանիշը՝ որպես հիրավի արդարադատության երաշխավոր, փոխարենը հեթանոսական դիցուհու անհասկանալի արձանիկն է, արդյունքում՝ մեր արդարադատությունը ոչ թե ազատ է, անաչառ ու անկաշառ, այլ մերկ է, աչքակապ ու «առևտրական», վերջինը՝ իբրև կշեռքի առկայության «յուրատիպ» ընկալման հետևանք: Մեր ազգային կենցաղ ու կենսակերպ են ներխուժում այլևայլ օտարածին ու օտարամուտ տարրեր, որոնց չարդարացված յուրացման արդյունքում մեր կենցաղը դառնում է խորապես ապազգային, և դա՝ սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից: Մեծ Եղեռնը և խորհրդային կարգերի հաստատումը առավել խորացրին սկսված գործընթացը: Այսօր մենք արդեն շատ հեռու ենք այն ամենից, ինչը կոչվում է «զուտ հայկական», և խնդիրը միայն աշխարհաքաղաքական ու տնտեսական համընդհանուր փոփոխությունները չեն, այլ մեր ազգային ու անհատական մտածողության փոփոխությունը: Մենք վերցնում ենք աշխարհից բաներ, որ պետք չեն մեզ, և կորցնում ենք շատ ու շատ կարևոր ու անհրաժեշտ բաներ, որ մերժվում են նաև աշխարհի կողմից: Հավատը վերազարթոնք է ապրում, բայց նրա բուն բովանդակությունն արդեն ընկալվում է աղճատվա՛ծ մտածողության տեր հայի կողմից, ո՛չ հայեցի: Քրիստոնեությունն էր, որ հայի հոգուց պեղեց իրապես հայկականը և սիրելի դարձրեց հայի համար իր իսկ էությունը, զտեց հայի մտածողությունը անբարոյականության ու դիվապաշտության տիղմից և օծեց ճշմարիտ աստվածպաշտության անուշահոտ յուղով:

Քրիստոնեությունը համատիեզերական իրողություն է և ոչ երբեք համաշխարհային կամ ընդհանրապես՝ աշխարհային: Այդ իսկ պատճառով աշխարհում քրիստոնեական համարվող շատ գաղափարներ խորապես հեթանոսական են և մերժելի ցանկացած ճշմարիտ քրիստոնյայի կողմից: Բոլորը չէ, որ հասկանում ու տեսնում են այդ: Ամենաթողության հասնող ազատությունը վերագրում են քրիստոնեական մտածողությանը, ինչը մեծագույն մոլորություն է: Քրիստոնեական ազատությունը ծնում է բարոյական բարքեր որդեգրած հասարակություն և ոչ թե անիշխանության ձգտող խառնամբոխ: Ժամանակին օրենքն էր կարգավորում հասարակական հարաբերությունները, իսկ այսօր օրենքն է կարգավորվում՝ առանձին անձանց, խմբերի և ամբոխի մտածելակերպին ու պահանջներին հարմարեցվելով: Եվ այն քրիստոնեական օրենքները, որոնք նզովքի են արժանացնում իրենց արհամարհողներին, այսօր դեռևս մնում են արհամարհված ու անտեսված, որովհետև չեն համապատասխանում ժամանակի ոգուն և պահանջներին, բայց այդ արհամարհանքի դիմաց չի ջնջվում այն ահավոր նզովքի գիրը, որ այդ օրենքների հետ ժառանգել ենք մենք: Սթափվենք, քանզի մեր ժամանակը անսպառ չէ. «Բայց Աստված մնում է հավիտյան, նա պատրաստեց իր աթոռը դատաստանի համար»:


«Ինքն է դատում աշխարհն այս արդարությամբ, եւ իր ժողովրդին՝ ուղղամտությամբ» (Սաղմ. 9;8-9): Տերը Երկինք ելավ ու որոտաց, Ինքն է, որ արդար է դատելու երկիրն իր չորս ծագերով (Ա Թագ. 2;10):

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 6464

Մեկնաբանություններ